00:00:00

Արցախի Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է. Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ

23:20, 24 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։ «Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր