00:00:00

«Էրդողանը փոքր քայլերով ստուգում է միջազգային հանրության արձագանքը». ՌԴ պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում Թուրքիայի քիթը»

18:30, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե  ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։ Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։ «Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։ Պատգամավորը նաև հիշեցրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին և զգուշացրել, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտվի թուրքական ռազմակայան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան։ «Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հայտնվելու է Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ հյուսիսատլանտյան դաշինքի նավեր և զորքեր դեռ չկան: Եվ սա երկու ուղղություններից՝ Սև և Կասպից ծովերից ելք է դեպի տարածաշրջան, ինչպես նաև Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձ»,- մեկնաբանել է Շերինը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր