00:00:00

Հարյուրավոր կյանքեր է փրկել, բայց ինքն իր կյանքը չկարողացավ փրկել․ պատմում է զոհված բժշկի կինը

23:47, 18 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Բժշկի իր առաքելությունը կատարելիս՝ թշնամու ագրեսիայի հետևանքով՝ հոկտեմբերի 13-ին զոհվել է Հարութ Չոբանյանը։ 27-ամյա ռազմական բժիշկը հոկտեմբերի 1-ից գտնվում էր առաջնագծում և բժշկական օգնություն ցուցաբերում վիրավորներին։ NEWS.am-ի հետ զրույցում Հարութի կինը՝ Արմինե Եղիազարյանը պատմեց, որ վերջերս էին Հադրութից տեղափոխվել Երևան, շատ չանցած պատերազմը սկսվեց։ «3 տարի մենք Հադրութում ենք ապրել, ինքն էնտեղ էր աշխատում, հետո քննություն տվեց և տեղափոխվեցինք Երևան։ Մոտ մեկ շաբաթ դասերի գնաց ու պատերազմն սկսվեց, միանգամից իրերը հավաքեց, որ պետք է գնա։ Չէր դիմանում, ասում էր՝ իմ  զինվորներին ես չեմ կարող մենակ թողնել, ու նույն տեղն էլ գնացել էր»,- ասաց Արմինեն։
Կնոջ խոսքով՝ ամուսնուն զգուշացրել էին, որ դիվերսիա է լինելու, և ինքը պետք է տարածքը լքի, սակայն մինչև վերջին վիրավորին օգնություն չցուցաբերեր ու չտեղափոխեր, նա հետ քայլ չի կատարել։ «Հարությունը վիրավորներին չի թողել, բոլորին տեղափոխել է, ինքը մնացել վերջում։ Դուրս գալուց ահազանգ է ստացել, որ վիրավոր կա, նրա հետևից գնալիս էլ  դեպքը տեղի է ունեցել։ Մեքենայի մեջ երեքով են եղել, սնայպերը խփել է, բայց եթե մի փոքր շուտ դուրս գար, դեպքը չէր լինի»,- պատմեց Արմինեն։ Ամուսնու հետ Արմինեն հաճախ չի կապվել, վերջին անգամ դեպքից երկու օր առաջ է նամակագրություն ունեցել նրա հետ։ Կնոջը տեղեկացրել է, որ լավ է ու դրանով սահմանափակվել։ «Հարյուրավոր կյանքեր է փրկել այդ ընթացքում, վիրավորների ծնողներն ինձ անընդհատ զանգում էին, շնորհակալություն հայտնում, բայց ինքն իր կյանքը չի կարողացել փրկել։ Ինքն ասում էր, որ պատերազմ է գնում ոչ միայն  իր երեխաների, այլև բոլորի համար։ Ասում էր՝ պետք է ավարտենք էս պատերազմը, որ մեր երեխաները չտեսնեն նույն բանը։ Չեք պատկերացնի, թե ինչ ոգևորությամբ էր գնում։ Հայրենիքը  շատ–շատ էր սիրում»,- ասաց Արմինեն։
Հարութի հետաքրքրությունների շրջանակը բանակն է եղել։ Կնոջ խոսքով՝ աշխատանքից հետո փոխարենը հանգստանար, այս կամ այն հերոսի մասին ինֆորմացիա էր փնտրում, կարդում, որպեսզի ավելին իմանա։ Արմինեն ու Հարութը 2 զավակ ունեն, աղջիկը 4 տարեկան է, իսկ որդին՝ 3 ամսական։   «Շատ ծանր է, ուղղակի էն միտքը, որ ինքը մինչև վերջ չի հանձնվել, մնացել է, իր ընտրած ճանապարհն է, դրա համար էլ պարտավոր եմ չսգալ, այլ հպարտությամբ ընդունել իր մահը։ Ինձ համար ինքը չի մահացել, այլ անմահացել է»,- ասաց Արմինեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր