00:00:00

ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից առնվազն 52 վարձկան է զոհվել․ The Washington Post

14:55, 15 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող կատաղի մարտերի հետևանքով Սիրիայից առնվազն 52 վարձկան է զոհվել․ այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ այս ամիս զովածների մարմինները սիրիա-թուրքական սահմանին փոխանցել են հարազատներին։ Վերջիններս հրատարակությանը հայտնել են, որ «սպանվածներին Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումներ են վարձել, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ մարտերին մասնակցեն»։ Հարազատների խոսքով՝ զինյալներին «աշխատանքի» դիմաց ամենամսյա աշխատավարձ են խոստացել. նրանց Ադրբեջան են հասցրել Թուրքիայի հարավային հատվածից։ Ավելի վաղ այս մասին հոդված էր հրապարակել նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ նշելով, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ են տեղափոխվել: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտնել էին, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ այնտեղ ծավալվող մարտերին մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր