00:00:00

Այն, ինչին այսօր բախվել են մեր հայրենակիցները ԼՂ-ում, հանդիսանում է էքսզիստենցիալ սպառնալիք, որը հասունացել է մի քանի տասնյակ տարի. Մնացականյան

22:50, 12 հոկտեմբեր 2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ ու օբյեկտներ: «Այն, ինչին այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, հանդիսանում է էքսզիստենցիալ սպառնալիք, որը հասունացել է մի քանի տասնյակ տարի: Սեպտեմբերի քսանյոթից, և պետք է նշեմ, որ դա շարունակվում է նաև մինչ օրս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ընդ որում՝ բացահայտ կերպով ցուցադրում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջման իր իրական նպատակները: Գործողությունների նման ցեղասպանական ձևը տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև: Ավելին ասեմ՝ այդ գործողություններն առաջին հերթին ուղղված են խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Ռազմական ագրեսիայի իրագործման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Արցախի ավելի քան հարյուր քսան քաղաքացիական բնակավայրի վրա, այդ թվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: Ադրբեջանի հարձակման տարածքում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ հաստատում է Ադրբեջանի իրական մտադրությունը, որը հավասարազոր է ռազմական հանցագործության: Ավիացիայի գործածման, ներառյալ Թուրքիայի ավիացիայի աջակցությունը, ԱԹՍ-ների, ծանր հրետանու, հրթիռային, տանկային ստորաբաժանումների հարվածների հետևանքով կան բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Կան շատ զոհեր, վիրավորներ՝ Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է քսաներեք խաղաղ բնակիչ, ավելի քան հարյուր բնակիչ ստացել է վիրավորումներ, 81-ը՝ ծանր: Ագրեսիայի հետևանքով մեծապես ավելացել է պարտադրված գաղթականների թիվը: Նրանց մի մասը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր, ոմանք էլ հաստատվել են Արցախում: Հսկայական վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակֆոնդին: Գրեթե 6000 քաղաքացիական օբյեկտ՝ բնակարաններ, խանութներ և այլն, ոչնչացվել են կամ վնասվել: Ավելի քան 960 օբյեկտ՝ ենթակառուցվածքներ, արտադրական ձեռնարկություններ, էներգամատակարարում, ջրամատակարարում, կապի միջոցներ, կամուրջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ամբողջությամբ ավերվել են, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքի 25 կարևոր օբյեկտ: Հատուկ բարբարոսությամբ է առանձնանում եկեղեցու, պատմամշակութային հաստատությունների ծրագրված ոչնչացումը»,- ասաց Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր