00:00:00

Ադրբեջանի բանակը շարունակում է Հադրութի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնել, որին ՊԲ–ն համաչափ պատասխան է տալիս. Վահրամ Պողոսյան

23:41, 12 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակի նախահարձակ գործողությունները, որոնց Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս: Այս մասին Azatutyun.am-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա նշեց, որ մարտերը ծանր են, սակայն Պաշտպանության բանակը համարժեք պատասխան տալիս է: «Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը: Վահրամ Պողոսյանը կարևորեց, որ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներ և նշեց, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, ապա նա պատասխանեց, թե չեն կարծում, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն Հայաստանը, այն պետք է ճանաչեն շատ այլ երկրներ։ «Եվ այս ուղղությամբ չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն»,– ասաց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր