00:00:00

«Էրդողանը ԼՂ հարցով ստատուս քվոն փոխելու հնարավորություն է տեսնում»․ Reuters

12:26, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռական աջակցությունը Թուրքիային առանձնացրեց այլ խոշոր պետությունների շարքում և անhագստացրեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք պահանջում են հրադադար հաստատել, գրում է Reuters գործակալությունը։ «Սակայն Էրդողանի համար վճռական դիրքորոշումը ռազմավարական առաջնահերթություն է և ծախսատար անհրաժեշտություն, որն ուժեղացնում է արտասահմանում ռազմական հզորացման նրա ռազմավարությունը՝ երկրի ներսում աջակցությունը պահպանելու համար»,- ընդգծում է գործակալությունը։ Ինչպես նշում է Reuters-ը, Էրդողանն Ադրբեջանին աջակցությունն անվանել է «աշխարհակարգում արժանի տեղ գրավելու Անկարայի ձգտման մաս»։ «Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավորություն է տեսնում փոխել ստատուս քվոն, որտեղ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը տասնամյակներ շարունակ գլխավորել են միջազգային միջնորդական ջանքերը»,- նշում է գործակալությունը։ «Թուրքիայի տրամաբանությունը քարտեզի գրեթե բոլոր անկյուններում իր ներգրավվածությունն է։ Այն ամենը, ինչ խաթարում է ստատուս քվոն, լավ է նրա համար, քանի որ նախորդ ստատուս քվոն իր շահերին հակասող էր»,- Reuters-ը մեջբերել է Ռոբերտ Բոշի անվան հիմնադրամի գիտաշխատող Գալիպ Դալայի խոսքերը։ Մեջբերելով Դալայի խոսքերը՝ գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտության վերսկսում էր․ «Թուրքիան ցանկանում է տապալել այդ խաղը, նույնիսկ եթե նա չի կարող լիովին որոշել այն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական ազդեցությունը»։ Գործակալությունը նաև նշում է, որ շատ քաղաքագետների կարծիքով՝ իր գործողություներով Թուրքիան քողարկված սպառնալիք է ուղարկում Հայաստանին և նախազգուշացում Ռուսաստանին, ինչն «արտացոլում է նրա վստահությունը Սիրիայում, Լիբիայում և Իրաքում օգտագործվող անօդաչու պատերազմի նկատմամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր