00:00:00

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ

09:45, 01 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է tass.ru-ն։ «Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անցնել երկխոսության»,- նշել է նա: Կատոն նաև ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի: «Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր