00:00:00

«ՌԴ ԱԳՆ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում տեղի չի ունեցել». Զախարովա

18:20, 30 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարությունում հայ, ռուս և ադրբեջանցի դիվանագետների միջև եռակողմ հանդիպում տեղի չի ունեցել: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ նախօրեին կայացած հանդիպմանը, ապա այն համատեղ չի եղել: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել առանձին: Արդյունքների հիման վրա հրապարակվել են մամուլի հաղորդագրություններ. մենք և հենց իրենք՝ դեսպանները, այդ մասին թողել են մեկնաբանություններ»,- նշել է նա: Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հաջորդականությունը՝ Զախարովան շեշտել է, որ նման իրավիճակներում ընթացակարգայի նայս հարցը հետին պլան է մղվում: «Սովորաբար նման համաժողովների, գագաթնաժողովների ժամանակ կա՛մ հատուկ կարգ է սահմանվում, կա՛մ այբբենական հաջորդականությունն է օգտագործվում»,- նշել է Զախարովան և հավելել, որ իրավիճակն ինքնին լարված է, ուստի՝ պետք է կենտրոնանալ հարցի լուծման, այլ ոչ թե ընթացակարգային ինչ-որ պահերի վրա. սա դեսպաններն էլ են հստակ գիտակցում, ուստի՝ այս առնչությամբ որևէ հարցեր չեն եղել: Զախարովան նշել է, որ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով, քանի որ դրանցում մասնակցել են Ռուսաստանի ոչ միայն ԱԳՆ, այլև ՆԳՆ ներկայացուցիչները: Նշվում է, որ հանդիպմանը մասնավորապես մասնակցել է երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, իսկ արտգործնախարարությունից ներկա է եղել նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի մասին, սակայն հիմնական քննարկումը ծավալվել է ադրբեջանական և հայկական սփյուռքի արձագանքի շուրջ: «Եթե հաշվի առնենք զոհերի թիվը, քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը, ապա այս իրադարձությունները, իրապես, վշտացրել են նրանց: Ինչպես հասկանում եք, իրավիճակը լարված է, և այն կենդանի արձագանք է ստանում: Խոսքը միայն ՌԴ տարածքում սփյուռքի ներկայացուցիչների մասին չէ. մեզ հարցեր են ուղղում նաև ծնունդով հետխորհրդային տարածքից, սակայն արտասահմանում ապրող ռուսախոս մարդիկ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ: Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր