00:00:00

Օտարերկրացիները ԱՄՆ-ից գումար են փոխանցել Հայաստան եւ փորձել կանխիկացնել. ԱԱԾ

04:14, 19 ապրիլ 2018

ՀՀ ԱԱԾ քննչական   վարչությունում  բացահայտվել է 4 օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբի կողմից Հայաստանում գործող բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք: Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության եւ Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին եւ գաղտնաբառերին: Այնուհետեւ, առանց այդ քարտապանների իմացության, վերջիններիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն ՀՀ դրամին համարժեք գումար են փոխանցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային եւ արտարժույթային հաշվեհամարներին, եւ փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, եւ հաշիվները սառեցվել են, իսկ բանկային քարտերը` արգելափակվել: Անդրազգային հանցավոր խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա իրավասու մարմինների եւ Ինտերպոլի հետ՝ անդրազգային հանցավոր գործունեության սխեմաները բացահայտելու, առերեւույթ հանցանքներին առնչակից բոլոր անձանց պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Հանցավոր խմբերի գործունեության մեխանիզմների եւ կիրառած եղանակների մասին հայտնվել է նաեւ շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին` բանկային համակարգի խոցելիությունը բացառելու նպատակով համապատասխան  միջոցներ ձեռնարկելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է անվտանգության նկատառումներով եւ վերը ներկայացված իրավիճակներից խուսափելու նպատակով զերծ մնալ բանկային քարտերն ու դրանց գաղտնաբառերն այլ անձանց փոխանցելուց, իսկ հաշվեհամարների շարժի վերաբերյալ կասկած հարուցող տվյալների առկայության դեպքում անհապաղ դիմել սպասարկող բանկեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր