00:00:00

Երեւանում շենքի փլուզման փաստով հարուցվել է քրեական գործ. բնակիչները հարցաքննվում են. ՔԿ

17:00, 26 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  վերջինիս  հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի  եւ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից: Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները: Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաեւ նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր