Բազմիցս արդեն համոզվել ենք, որ նախորդ իշխանությունների դեմ անհաշտ պայքար մղող գործող իշխանությունն այդ մարտն ընտրովի է վարում: Այսինքն՝ պայքարը հետևողական ու խիստ դաժան դրսևորումներ է ստանում սոսկ այն ժամանակ, երբ նախորդ իշխանության որևէ սուբյեկտ չի անցնում նորերի թրի տակով, իսկ եթե պայմանավորվում են, նրանց մասին մոռանում են, թերևս, որոշակի կամ բավականին երկար ժամանակով, նայած, թե ինչպես ու «որքանով» են պայմանավորվել:
Տարօրինակորեն հեշտ կամ թվացյալ հեշտ «թավշյա» իշխանությունների հետ լեզու գտավ նաև Գորիսի երիտասարդ քաղաքապետ, դեռևս ՀՀԿ-ական իշխանությունների օրոք ընտրված Առուշ Առուշանյանը: Ճիշտ է, երբեմն-երբեմն ինչ-որ քրեական գործերի կիզակետում նրան էլ են անհանգստացնում, բայց աղմուկն արագ մարում է, ինքն էլ շարունակում է իրականացնել իր պարտականությունները և ոչ միայն: