ՀՀ պայքարող քաղաքացիները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ նրա համակիրների հետ երրորդ լուսաբացը դիմավորեցին Ֆրանսիայի հրապարակում: Այս գիշեր եւս խաղաղ է անցել: Այս օրերին հրապարակում եւ սոցցանցերում քննարկվող առանցքային թեմաներից մեկն էլ ոստիկանության բացակայությունն է: Օրեր շարունակվող հանրահավաքներում, երթերում եւ այս կամ այն շենք մուտք գործելու ցուցարարների գործողություններին ոստիկանությունը չի միջամտում: Օրենքով կարծես թե նրանք պարտավոր են ներկա լինել կամ ուղեկցել երթերը, կարգավորել երթեւեկությունը: Սակայն նրանք առայժմ դիտորդի կարգավիճակում են:
Ոստիկանությունը բազմաթիվ ուժեր է կենտրոնացրել Երեւանի Բաղրամյան- Դեմիրճյան փողոցներում: Այս փողոցներում են տեղակայված նախագահականն ու Ազգային Ժողովը: Երկու պետական կառույցներն էլ կենսական նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի համար: Նախ, որ Սարգսյանին պետք է անառիկ պահել երկրի խորհրդարանը, որպեսզի ապրիլի 17-ին հնարավորինս առանց դժվարությունների իր կողմից Ազգային ժողով գործուղված կոճակ սեղմող պատգամավորները մուտք գործեն խորհրդարան եւ վերջնականապես իրեն դակեն երկրի վարչապետ, եւ հետո նրան պետք է անցնցում Ազգային ժողովից ուղեւորվել Բաղրամյան 26, որը լինելու է վարչապետի նստավայրը: Այս տեսանկյունից է, որ ոստիկանությունը «ներկայացված» չէ հրապարակում, եւ օր ու գիշեր հսկում է այդ կառույցները:
Նրանց խնդիրը Ֆրանսիայի հրապարակում, ԵՊՀ-ում եւ Հանրային ռադիոյի շենքում տեղի ունեցող զարգացումները չեն: Իշխանությունն առայժմ համբերատար է, գրեթե այնքան, որ իշխանական հեռուստաընկերություններով Սերժ Սարգսյանի մասին պատմող ֆիլմի վերնագիրն էր (Համբերատար բանակցողը): Ոստիկանությունը կմիջամտի այն ժամանակ, երբ քաղաքացիների շարժը ուղղվի դեպի Բաղրամյան պողոտա: ԱԺ հատուկ նիստը նախատեսված է ապրիլի 17-ին՝ երեքշաբթի: Օրն աշխատանքային է, եւ իշխանությունների հիմնական «ստավկան» այն է, որ այդ օրը՝ առավոտյան մարդկանց քանակը քիչ կլինի եւ առաջխաղացումը հնարավոր կլինի կասեցնել առանց դժվարությունների եւ հնարավորինս քիչ բռնություն կիրառելով:
Հրապարակում հավաքված քաղաքացիների թիվը բնականաբար քիչ է, խորհրդարանի շենքը շրջափակելու համար: Բացի այդ շրջափակում ասվածը չի ենթադրում միայն Բաղրամյան պողոտայի մուտքը: Դեմիրճյան- Պռոշյան փողոցներից եւս օրենսդիրները կարող են մուտք գործել Ազգային Ժողով: Կհավաքվի արդյո՞ք այդքան քաղաքացի, որ ծրագիրն իրականություն դառնա, դժվար է ասել: Առայժմ դրան հասնելու ուղղությամբ հարթակում կանգնածները երկու կոչ են արել, մեկն ուղղված էր ընդդիմադիր ուժերին, մյուսը՝ քաղաքացիներին: Առաջինի դեպքում մի կողմ դնել սեփական ամբիցիաները եւ ներել միմյանց, երկրորդի պարագայում՝ հայտարարել գործադուլ: Արձագանքերը դեռ գոհացնող չեն:
Irakanum.am