00:00:00

«Շիրակի» նկատառումները ՀՖՖ-ի գործունեության / անգործության վերաբերյալ

23:27, 08 հուլիս 2020 Սպորտ

Գյումրիի «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ․ «Մի քանի նկատառում ՀՖՖ-ի գործունեության/անգործության վերաբերյալ
  1. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ ղեկավարության երկու տարիների ընթացքում չի այցելել Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, որտեղ մարզվում են Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկի սաները:
  2. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ով պատասխանատու է մանկապատանեկան նոր ծրագրի ադապտացմանը Հայաստանում, երբեք չի համեցել Գյումրի քաղաք՝ հետևելու, թե «Շիրակի» մարզիչները և սաները ինչպես են իրագործում իրենց մանկապատանեկան զարգացման ծրագիրը: Այս ընթացքում միայն մեկ անգամ Գյումրու ֆուտբոլի ակադեմիա է այցելել Խինես Մելենդեսի փեսա Ռուբեն Լեսկանոն: Ու այս ամենը այն դեպքում, երբ «Շիրակը» միակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից, որ մեծ սիրով ընդունեց իրանց կողմից ներկայացված ծրագիրը և սկսեց աշխատել իրենց կողմից ներկայացված մոդելով:
  3. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երբեք չի այցելել Գյումրի և ներկա չի գտնվել Հայաստանի Բարձրագույն խմբում ամենաշատ հայ ֆուտբոլիստներով (այլ խոսքով ասած՝ Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր թեկնածուներով) հանդես եկող «Շիրակի» տնային հանդիպումներին:
  4. Հայաստանի մանկապատանեկան առաջնությունների 2019-20 թթ մրցաշրջանում տարբեր տարիքային խմբերի միջին արդյունքներով լավագույնն են հենց «Շիրակ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերը, սակայն «Շիրակի» մանկապատանեկան մարզիչները ընդգրկված չեն և ոչ մի Հայաստանի մանկապատանեկան հավաքականներում նույնիսկ՝ որպես երրորդ մարզիչ:
  5. Գյումրու քաղաքային մարզադաշտը Հայաստանի գրեթե միակ մարզադաշտն է, որի հիմնովին վերանորոգումները իրականացվել են Ակումբի և Ակումբի նախագահի միջոցներով, և ՀՖՖ-ն չի ցուցաբերել և ոչ մի աջակցություն. մի մարզադաշտի, որը կարող է ծառայել որպես Հայաստանի հավաքականների պահեստային և հիմնական մարզադաշտ:
  6. 2019 թվականին Գյումրու քաղաքային մարզադաշտում 16 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպում անցկացրեց Գյումրու քաղաքային մարզադաշտում, որին ներկա էին գրեթե երեք հազար երկրպագու: Իսկ թիմը տոնելով ենթախմբում առաջին հաղթանակը՝ այդ օրը իսկական տոն պարգևեց Գյումրի քաղաքին: Սակայն հաջորդ իսկ տնային հանդիպումը երիտասարդական հավաքականը անցկացրեց Երևանում, որին ներկա էին մոտ 150-200 երկրպագու: Իսկ 2020 թվականի համար բանավոր խոսքում «Շիրակին» հայտնել են, որ ոչ մի հանդիպում չի նախատեսվում անցկացնել Գյումրիում: Ի դեպ նշենք, որ այդ հանդիպումները Գյումրիում անցկացնելիս Ակումբը չի ունենում և ոչ մի ֆինանսական օգուտ:
  7. «Շիրակը», ունենալով Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկը և անընդհատ հանդես գալով բավականին թվով հայ ֆուտբոլիստներով, այսօրվա դրությամբ «Շիրակից» Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվում Նիգերիացի ֆուտբոլիստ:
  8. ՀՖՖ գործկոմում ընդգրկված չէ Գյումրի քաղաքից որևէ ներկայացուցիչ:
  9. ՀՖՖ ներքին գործունեությանը (օրինակ՝ կոմիտեներում) «Շիրակ» ՖԱ-ից ոչ մի աշխատակից ընդգրկված չէ:
Այս ամենը հիմնավոր կասկած է առաջացնում, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարները հատուկ «ջերմ» վերաբերմունք ունեն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և ընդհանուր առմամբ՝ Գյումրի քաղաքի նկատմամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր