00:00:00

Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները

02:44, 03 հունիս 2020 Առողջություն

ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝  հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ  կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը, ՀՀ պարետը սահմանել է, որ «1. ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ: 2.Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ևորակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով: 3. ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր»: Պարետի որոշման մեջ նշվում է նաեւ, որ «4. Տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությունը գնահատվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով, ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն»: Սահմանվել է նաեւ, որ 5. ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։ 6. Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանի հավելված N 13-ի։ 7. ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացվում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։ 8. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ 2-օրյա ժամկետում՝ 1) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում․ 2) Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով: 3) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։ 4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։ 9. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։ 10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։ 11. Սույն որոշման պահանջները տնտեսվարող սուբյեկտների կողմից չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ 12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր