00:00:00

Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

16:54, 21 մայիս 2020 Առողջություն

Հայաստանում դիմակ կրելը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան շոգ օրերին դիմակ կրելը, արդյոք, վնաս չի՞ լինի քաղաքացիների առողջությանը։ «Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Դիմակ կրելու և այն հանելու կանոններ կան, և մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք մեր մեջ այնպես, ինչպես, օրինակ, ամեն առավոտ և երեկո լվանում ենք մեր ատամները»,- նշեց Թորոսյանը։ Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր առողջական որոշ խնդիրներից ելնելով չեն կարողանա կրել դիմակ՝ պետք է լինեն բժիշկների հսկողության տակ։
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է հանրային բաց տարածքներում պարտադիր ունենալ դիմակ։ Պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում։   Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ, սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր