00:00:00

Վիլեն Գաբրիելյանի «տողատակերով» գրառումը

04:23, 20 մայիս 2020 Բլոգ

Բարի երեկո ընկերներ, եկել եմ մի բան ասեմ: Ամեն անգամ, երբ հայտնվում ես քեզ համար հարաբերականորեն նոր տեղում, միանգամից հայտնվում ես ամբողջությամբ նոր տեղեկատվական դաշտում և այդ տեղեկատվական հոսքն օրեցօր մեծանում է, ծագում է շատ բնական հարց․ ինչպե՞ս վարվել այս կամ այն իրավիճակում, հատկապես, երբ տվյալ վայրում արդեն գոյություն ունեն որոշակի հաստատված կանոններ և կարգեր: Ցանկացած նորարական և կտրուկ քայլ կարող է խախտել այդ կանոնակարգված միջավայրում հաստատված հավասարակշռություններից որևէ մեկը։ Եթե նկատեցիք, հոգնակիով եմ շեշտադրել՝ հավասարակշռություններ, չզարմանաք, ըստ իս ներկայիս գործող համակարգերում հենց այդպես է։ Քանզի դրանք կառուցված են, ոչ թե սկզբունքների՝ այլ բազմաթիվ հավասարակշռությունների վրա, որոնց հիմքում ընկած են շատ հստակ և պարզ շահեր: Որքան ավելի շատ ես ներքաշվում նման քննարկումների մեջ, որոնց վերջնական արդյունքում քեզանից պահանջվում է խնդրի լուծման համար որոշում կայացնել, այդքան ավելի շատ ես սուզվում բազմաթիվ չկարգավորված ու չկարգավորվող խնդիրների մեջ, և ըստ այդմ այդքան ավելի սահմանափակ է դառնում որոշում կայացնելու քո հնարավորությունը։ Այդուհանդերձ, երբ ի վերջո կայացնես որոշումդ, այն ոչ թե նպաստելու է խնդրի հիմնարար լուծման, այլ կհանգեցնի որոշակի լղոզման, որը, փաստացի, հետագայում կամ ավելի շատ բարդացնելու է խնդիրը կամ կհանգեցնի այլ խնդրահարույց հարցերի: Որպես արդյունք սկսում ես անընդհատ բանավիճել ինքդ քեզ հետ, սակայն անգամ այդ դեպքում որոշումդ, որին հանգում ես իր մեջ կրում է ոչ թե գլոբալ, այլ մասնակի լուծումներ։ Պատճառը մեկն է․ իսկզբանե ներդրված կարգավորումներն իրենց հիմքում չեն ունեցել հստակ փիլիսոփայություն, այն է՝ ի՞նչ խնդիր ունենք, ինչի՞ պատճառով է այն, ո՞րն է խնդրի լուծման նպատակը, ո՞րն է մեխանիզը, ո՞րն է իմաստը, ո՞րն է սկզբունքը: Հարց է ծագում, ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում՝ խրվե՞լ ներկայիս իրողությունների մեջ և փորձել մանր-մանր քայլերով կարգավորել խնդիրները պահպանելով հավասարակշռությունները, թե՞ մերժել հաստատված կարծրատիպային մոտեցումները, և, մի կողմից անտեսելով, մյուս կողմից չվախենալով առերեսվել՝ շատերի պնդմամբ այն բազմաթիվ խնդիրներին որոնք կծագեն նման կերպ վարվելու դեպքում: Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է․ եթե գնաս առաջին ճանապարհով կհայտնվես մի արատավոր շրջանի մեջ, որից այդպես էլ չես կարողանա ելք գտնել, որովհետև և՛ ժամանակը բավարար չէ, և՛ խնդիրները այնքան բազմաթիվ են ու խճճված, որ ճիշտ թելից բռնել էլ չես կարող: Եթե գնաս երկրորդ ճանապարհով՝ ճիշտ փիլիսոփայության և սկզբունքների վրա կառուցելով հստակ և պարզ կարգավորումներով համակարգ, ապա, միանշանակ, և՛ ժամանակ կշահես, և՛ հստակեցում ու պարզություն կմտցնես, և՛ արդյունք կստանաս, արդյունք՝ առնվազն ճիշտ հիմքը դնելու տեսանկյունկյունից: Կրկին հարց կծագի, իսկ ինչպե՞ս հստակեցնել փիլիսոփայությունը և սկզբունքները, ըստ իս, պետք չէ փնտրել բարդ պատասխաններ, այլ պետք է վերցնել ամենապարզ և հեշտ լուծումը: Խորապես համոզված եմ, որ ցանկացած բարդ թվացող հարցի լուծումը, ամենապարզն է: Իսկ ճշգրիտ փիլիսոփայություն և սկզբունքներ ամրագրելու համար, պետք է քեզ պատկերացնես տվյալ խնդրի լուծման հիմնական թիրախ-շահառույի տեղում, և ամենը կառուցես իր շուրջ: Օրինակ՝ պետական ոլորտ քաղաքացի փոխհարաբերութոյւնների դեպքում, պետք է ամբողջը կառուցես քաղաքացու շուրջ, բայց մի կարևոր շեշտադրում՝ այն քաղաքացու, որը տվյալ ոլորտի դեպքում հանդիսանում է, ոչ թե հարակից, այլ հիմնական թիրախը-շահառուն: Համոզված եմ, որ միայն այդպիսի կարգավորումները կարող են հաջողել, երբ ամենը կառուցված է քաղաքացու շուրջ, քանզի ըստ իս, ոչ թե քաղաքացին է պետության համար, այլ պետություննը քաղաքացու անվտանգության, բարեկեցության և երջանկության համար: Միայն անվտանգ, բարեկեցիկ և երջանիկ քաղաքացին ցանկացած իրավիճակում պատրաստ կլինի համախմբվել պետության շուրջ: հ.գ. ես տողատակերով չեմ սիրում գրել, բայց այս դեպքում կարդացեք նաև տողերի արանքը: Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝ նավակ Ճոճողը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր