Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկրորդ անգամ չի թեստավորվի, իրեն լավ է զգում։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։
«Լավ եմ։ Երկրորդ անգամ հավանաբար չեմ թեստավորվի, որովհետեւ ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու համար կրկնակի թեստավորման անհրաժեշտություն չկա։ Կոնտակտավոր լինելու հանգամանքն էլ բոլորին հայտնի է՝ նախարարությունում կան մեր աշխատակիցների մոտ հաստատված դեպքեր։ Այնպես է ստացվել, որ ոմանք ավելի մոտիկից են շփվել եւ համարվում են կոնտակտավոր, կան աշխատակիցներ էլ, որ շարունակում են իրենց աշխատանքը, բայց պահպանելով կանոնները»։
Հարցին՝ արդյոք ինքը Առողջապահության նախարարությունո՞ւմ է մեկուսացել, նախարարն ասաց. «Աշխատանքի վայրում եմ, պրակտիկորեն ոչ մեկի հետ չեմ շփվում, հեռախոսով եւ կապի այլ միջոցներով է շփումը։ Կմնամ մինչեւ մյուս ուրբաթ, դրանից հետո հուսով եմ՝ սիմպտոմներ չի զարգանա իմ մոտ եւ կանցնեմ նորմալ աշխատանքային ռեժիմի»։