Եզրափակչի երկրորդ ուղեգրի համար պայքարում միմյանց հետ մրցեցին Միացյալ նահանգների ու Եվրոպայի հավաքականները: Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Անիշ Գիրին ոչ-ոքիներ խաղացին՝ համապատասխանաբար Հիկարու Նակամուրայի ու Ուեսլի Սոյի հետ: Նանա Ձագնիձեն հաղթեց Իրինա Կրուշին, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Այսպիսով, Եվրոպան 2.5-1.5 հաշվով հաղթեց ու շրջանցեց Միացյալ նահանգներին:
Չինաստանը 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանին, իսկ Աշխարհի հավաքականը 2-2 հաշվով ավարտեց դիմակայությունը Ռուսաստանի թիմի հետ:
Այսպիսով, 9-րդ տուրից հետո Չինաստանն ունի 17 միավոր ու առաջատարն է, Եվրոպան 12 միավորով երկրորդն է, իսկ 11 միավորով երրորդ տեղում Միացյալ Նահանգների թիմն է:
Երեկոյան Եվրոպայի հավաքականը կմրցի Աշխարհի հավաքականի հետ և հաղթանակի դեպքում կապահովի տեղը սուպերեզրափակչում՝ անկախ մյուս դիմակայություններից:
Հիշեցնենք, որ Չինաստանի հավաքականը վաղաժամ ապահովել էր իր տեղը սուպերեզրափակչում: Իսկ գլխավոր դիմակայությունը կկայանա վաղը՝ մայիսի 10-ին: Մրցանակային ֆոնդը 180 հազար եվրո է: