Ափսոսանքով ենք արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար:
Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես, և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային Ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու բռնության և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է և ունի օրինական և բավարար լիազորություն՝ բռնության մշակույթը վերացնելու համար:
Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու և խուլիգանական արձագանքների համար:
Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային Ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնությամբ լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին:
Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար:
Պահանջում ենք նաև խորհրդարանական և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը:
Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն:
Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային Ժողով ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման այլ բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործողներն ու ակնարկողները, դահլիճում ձեռնամարտ խթանողները, խրախուսողները և իրականացնողները, պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը տեղ չպետք է ունենան:
Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ:
ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային խնդիրների լուծման համար:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Արտակ Քյուրումյան, փորձագետ»