00:00:00

Ամենաշատ վարկ կերածը

18:17, 11 ապրիլ 2018

Եթե փորձենք հաշվել, թե գյուղացիական հողերի ոռոգման անվան տակ վերջին տարիներին ՀՀ ԱԺ-ն ինչքան վարկային համաձայնագիր է վավերացվել, ապա մեր ոռոգման համակարգը պետք է ներառվի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վարկ կերած եւ ամենաանարդյունավետ վարկ ծախսած համակարգ: Այս մասին, այսօր  Աժ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երբ հարցնում ես՝ բա ի՞նչ եք անելու, ասում են՝ լավ նպատակների համար ենք բերում: Հարգարժան կառավարության ներկայացուցիչ, մեր տառապանքը փորձ ունի, մենք բազմաթիվ անգամ ԱԺ-ում տեսել ենք, թե ինչպես լավ նպատակների անվան տակ փոշիացել են հսկայական գումարներ, թե ինչպես լավ նպատակի անվան տակ հազարամյակների մարտահրավերների ծրագրով 17 մլն դոլար ծախսվեց «Ինչպե՞ս ցանել, ինչպես տնկել կարտոֆիլը» թեմայով գյուղացիների համար լոլոներ կարդալու անվան տակ:  Մենք տեսել ենք, որ հսկայական վարկային միջոցներ ուղղակի թալանվել են, փոշիացվել ու գողացվել են: Մենք տեսել ենք, թե ինչպես տարբեր խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար տարբեր գոստրոլյորներ դրսից ու ներսից հսկայական գումարներ են ստացել, կերել եւ շատ հանգիստ հեռացել՝ համակարգը թողնելով ողբալի վիճակում»,-հայտարարեց Զոհրաբյանը: Նրա խոսքով, իհարկե, ոչ ոք չի գալիս ասում՝ վատ նպատակի համար եկել ենք ստանալու ձեր աջակցությունը. «Բոլոր վատ գործերը վարկային գումարներ մսխելու շրջանակում արվել են լավ նպատակի անվան տակ: Նա նշեց, որ առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը քննիչ հանձնաժողով կձեւավորի՝ փորձելով հասկանալ, թե լավ նպատակների անվան տակ ինչքան վարկեր են բերել կերել, որքանն է թալանվել ու մսխվել»: Նշենք, որ Հայաստանը դիմել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին 2 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման առաջարկով: Ըստ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, այս ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարիներին այդ ողջ տարածքը ոռոգելի դարձնել, ջրով ապահովել, բերքատվությունը բարձրացնել 11-14 տոկոսով եւ տնտեսել տարեկան 5 մլն խմ ջուր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր