00:00:00

Գավառի սպանությունների եւ անկարգությունների փաստով դատարանը կալանավորել է Նորատուսի 8 և Գավառի 5 բնակչի, 2-ն էլ ստորագրությամբ բաց են թողնվել

21:02, 03 մայիս 2020 Իրավական

 Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի մի քանի քննիչներ, որոնց թվում են՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ, միջնորդություններ են ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով, զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ կասկածանքով ձերբակալվածների նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Մի քանի դատավորներ դռնփակ դատական նիստեր անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել են քննիչների միջնորդությունները և 15 կասկածյալներից 13-ը կալանավորվել են, 2-ն էլ՝ ազատ են արձակվել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը: Գ. Շամշյանի տեղեկություններով, կալանավորվածներն են՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Գարուն Ադամյանը, 38-ամյա Գարիկ Մնոյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ավետ Արևշատյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Էմին Կարապետյանը, 37-ամյա Խաչիկ Գոլեցյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մխիկյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 26-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, Նորատուս գյուղի բնակիչներ Սիսակ Մելոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ռոման Ավետիսյանը, Սպարտակ Նադարյանը և Սիրակ Մելոյանը: Իսկ ստորագրությամբ ազատ են արձակվել Գավառ քաղաքի բնակիչ, 30-ամյա Էրիկ Գոլեցյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 32-ամյա Խորեն Օհանյանը: Հնարավոր է, այլ մարդիկ նույնպես ներգրավվեն նշված քրեական գործում, որոնց մեջ շոշափվում է սպանված քննիչի եղբայրը: Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր