Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրարձավ իր եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։ Սիմոնյանը պատմեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարեւել է Արթուրին։
«Ես ասեցի բարև Արթուր, որին ի պատասխան լսեցի հայհոյանք։ Ես մոտեցա եւ ասեցի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի քթին։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմեց Սիմոնյանը, հավելելով, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որեւէ մեկը իրեն բարև տվողին սեռական հայհոյանք տա։
Սիմոնյանը պատմեց, որ հարվածին հաջորդել է քաշքշոցը։ Դանիելյանի հետ գտնվող երկու անձինք ևս հարվածել են իրեն և ծեծկռտուք է եղել, որին միջամտել են փողոցում քայլող մարդիկ, եւ երեք անձինք հեռացել են տարածքից։
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել էինք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 3 անձ: