ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը քաղաքացիական հայցն ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի դատարանում է։ Այս մասին տեղեկանումե ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
Հայցվոր կողմը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել եւ միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:
ՔԿ-ի հայտարարությունից հետո Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում ասել էր. «Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող…»։