«Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի՝ հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ բազմաթիվ աշխատակիցների հարցադրումներին ի պատասխան:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
««Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ.
-շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:|
-Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ:
-Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ:
-Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել»:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ հայտնել էինք, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2500-ից ավելի աշխատակիցներ ապրիլի 21-ի առավոտյան գնացել են աշխատանքի: Ժամեր անց գործարան են այցելել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն ու տեղեկացրել՝ գործարանը իրավունք չունի խախտել պարետի որոշումն ու աշխատել: Կանայք լեզվակռվի են բռնվել իրավապահների հետ: Իրավապահները հեռացել են, ապա ժամեր անց նորից են այցելել՝ արդեն ղեկավար կազմի հետ:
Իրավապահները վարչական վարույթ են հարուցել ոչ միայն տնօրենի, այլ նաեւ բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ:
Իրավապահները արգելել են աշխատել, որից հետո գործարանի աշխատակիցները ոտքով, ի նշան բողոքի, քայլելով հասել ու հավաքվել են Հայքի հրապարակում, պահանջելով թույլատրել իրենց աշխատել: