ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը առաջիկայում հնարավոր է պատգամավորական մանդատը վայր դնի։
Աղբյուրի տեղեկացմամբ` նա տարաձայնություններ և տարակարծություններ ունի խմբակցության պատգամավորների և իշխանության հետ: Մեկ անգամ չէ, որ Հովսեփյանը չի խորշում հայտնել իր տեսակետը իշխանության առանձին գործիչների հայտարարությունների, գործունեության մասին, օրինակ՝ վերջերս նա իր տարբերվող դիրքորոշումը ներկայացրեց եկեղեցու դեմ սկսված արշավի, հեռավար կրթության մասին։
Մեզ հետ զրույցում Հովսեփյանը հերքեց տեղեկությունները. «Ով է նման բան ասել: Իշխանության որոշ անդամների հետ կարծիքները երբեմն չեն համընկնում, բայց դա բացառապես չի նշանակում, որ պետք է մանդատ վայր դնել: Այդ մասին բազմիցս եմ ասել և այդ հարցը չեմ էլ քննարկում: Ինձ համար Ձեր հարցն անակնկալ էր: Մանդատը վայր դնելու որոշումը ես պետք է կայացնեմ, իսկ ես բազմիցս ասել եմ, որ դա չեմ անելու և նման իրավիճակ չկա: Ինձ համար հետաքրքիր է, թե ինչու է նման հարց առաջացել, երբ ես ինձ համար տանը նստած եմ, մեկ էլ` մանդատը վայր եք դնում: Իսկ տարակարծություններ միշտ էլ լինում են ու նորմալ է, որ լինի, շատ հարցերի շուրջ 88 պատգամավորն էլ կարծիք է ունենում, որոշ դեպքերում դրանք կարող են համընկնել, որոշների դեպքում` ոչ, քննարկում, գալիս ենք ինչ-որ եզրահանգման: Բայց դա չի նշանակում, որ ամեն մի հարցի քննարկման ժամանակ մանդատը վայր դնելու հարց լինի: Եթե այդպես լինի, ապա 88 պատգամավորն էլ մանդատները վայր են դնելու»: