2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Տարիներ շարունակ Նախաձեռնության հաստատած ավանդույթի համաձայն, հայտնի դարձան 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության եւ ունեցած ազդեցության համար։
«Մենք երկրագնդի մի մասն ենք, մարդկության մի մասն ենք։ Մենք այնպիսի օրինակ ենք հաստատում, որ բարոյապես արդարամիտ ժողովուրդները կարող են ծանր ժամանակներում մարդկությանը մերթընդմերթ հիշեցնել, որ միայնակ չենք։ Մենք միմյանց պահապաններն ենք։ Մենք ներկայացնում ենք այն ժողովրդին, որը նշանավորում է համերաշխություն եւ կարեկցանք»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։
«ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց քննարկմանը, որը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին եւ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո եւ Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի։
««Ավրորան» ուղղված է ավելի լայնածավալ մարդասիրական շարժման ստեղծմանն ու նվիրատվության շղթան պահպանելուն եւ կենտրոնացած է երախտագիտությունը գործի վերածելու գաղափարի վրա։ Այս ավանդույթներն այսօր առցանց հարթակ բերելով՝ մենք, հարմարվելով ներկայիս իրադրությանը, միավորում ենք մարդկանց, նշանավորում մարդկության բարությունը եւ մեծարում այս հերոսների կատարած գործը», - ասաց Լորդ Դարզին:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների՝ ամեն տարի մեծարվում է «Ավրորա» մրցանակի մի դափնեկիր, որին տրվում է 1.000.000 ԱՄՆ դոլարով նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 2020 թ. «Ավրորայի» հերոսներն առաջադրել են հետեւյալ կազմակերպությունները.
- Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Love does (Սերն է գործում), «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա»,
- Անժելիկ Նամայկան՝ «Անտեսանելի երեխաներ» եւ «Կարիտաս միջազգային»,
- Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը՝ «SOS Միջերկրական»,
- Սաքինա Յակուբին՝ «Աֆղանստանի կրթության ինստիտուտ», «Կանանց փախստականների հանձնաժողով» եւ Creating Hope (Հույս ստեղծելով)։