Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Համագումարը նշել է, որ Թրամփի օգտագործած «Մեծ Եղեռն» արտահայտությունը նպաստում է ցեղասպանության ժխտմանը։
«Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ Վարչակազմի հայտարարությունը չի համապատասխանում ազգային կոնսենսուսին, որն արտացոլված է Միացյալ Նահանգների Կոնգրեսի միանշանակ հաստատման մեջ և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են Ներկայացուցիչների պալատը, Սենատը, ինչպես նաև ԱՄՆ-ի 49 Նահանգներ»,- հայտարարել է հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, որում օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունվել 2019թ. դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևն ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 30-ին։