ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե որ տնտեսական գործունեության տեսակներն են պարետի նոր որոշմամբ թույլատրվում իրականացնել։ Սիմոնյանը նշեց, որ մշակվող արդյունաբերության, մեծածախ առևտրի, տեղեկատվության և կապի, սպասարկման ոլորտների մի շարք տեսակներում հանվել են սահմանափակումները։
«Պարետի ապրիլի 22-ի որոշմամբ մշակվող արդյունաբերության ոլորտում արդեն իսկ թույլատրվում է իրականացնել պոլիգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղաշինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն և արդյունաբերական մեքենաների ու սարքավորանքի տեղադրում։
Մեծածախ առևտրի հատվածում թույլատրվում է իրականացնել մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ մի քանի ենթատեսակների, մեծածախ առևտուր գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների և դրանց պահեստամասերի, ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Վերջինս հիմնականում վերաբերվում են այն հանրախանութներին և խանութներին, որտեղ գերակշռող մասը սնունդ, ծխախոտ ու խմիչքներն են, դրան զուգահեռ իրականացվում է վաճառք այլ տնտեսական պարագաների և կենցաղային ապրաքների։
Տեղեկատվության և կապի հատվածում թույլատրվել է գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, իսկ սպասարկման հատվածում թույլատրվում է արհեստակցական միությունների գործունեությունը, համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների նորոգումը և կենցաղային սարքերի տնային այգեգործործական գույքի նորոգումը»,- եզրափակեց Վարոսյանը։
Արտակարգ դրության ռեժիմի պարետի ապրիլի 22-ի որոշմամբ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։