00:00:00

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

20:53, 22 ապրիլ 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ Խոր ցավով և մեծագույն ափսոսանքով ստացա մեր ազգի նվիրյալ զավակներից մեկի`«Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Ասո Թավիթյանի մահվան գույժը: Երկրային կյանքին հրաժեշտ տվեց հիրավի բացառիկ անհատականություն:
Ասոյի բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումները Հայաստանի անկախությունից ի վեր անգնահատելի են: Նա հատկապես նախանձախնդիր էր մեր նորանկախ պետության համար ամենատարբեր ոլորտներում մրցունակ` կիրթ և բարձր որակավորմամբ կադրեր պատրաստելու գործին աջակցության հարցում: Իր ստեղծած «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի պետական համակարգում աշխատող հարյուրավոր երիտասարդներ կրթություն են ստացել ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և իրենց գիտելիքները լավագույնս ծառայեցրել Հայաստանի Հանրապետությանը: Չափազանց մեծ է Ասո Թավիթյանի ներդրումը նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում: Խորին վշտակցություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց համար թանկ է նրա պայծառ հիշատակը, որոնց կյանքը Ասոն իր բարի գործերով փոխել է: Ցավակցում եմ մեզ բոլորիս, քանզի կորցրեցինք հայրենանվեր որդի: Սգում եմ իմ լավ բարեկամի անդառնալի կորուստը, աղոթում նրա ազնիվ հոգու համար: Բարին գործելը Ասոյի հավատամքն էր, և այդ գործերն էլ վստահաբար այսօր ներկայացնում են նրան իր երկրային և երկնային կյանքում: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ Ասո: Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր