ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով, եթե Արցախի հարցի շուրջ կան դրույթներ, որոնց շուրջ էլ Հայաստանը զրուցում է, դրանք պետք է ավելի հասկանալի ու բաց լինեն:
«Դժվար է գնահատականներ տալ, քանի որ մենք բանակցային անմիջապես փուլի մեջ չենք, բայց քանի որ գոյություն ունի հանրային բավականին լուրջ պահանջ, և ՀՀ արտգործնախարարության կողմից հայտարարություն է արվում, թե ոչինչ չեն թաքցրել և միշտ եղել են բաց, ուստի, եթե միշտ բաց են եղել, ապա թող լինի հստակ հայտարարություն, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում, կամ չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր:
Գիտեք, շատ հեշտ է դուրս գալ մի կողմից՝ դավադրությունների տեսությունից, և հասկանալ, որ դիվանագիտական շատ լուրջ ու ծանր գործընթաց է տեղի ունենում, մյուս կողմից էլ՝ հասկանալ, որ այդ գործընթացի շուրջ ծավալվող պրոցեսները չպետք է մեզ կողմնակի վնասներ տան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Արցախի հարցի լուծման հետ:
Հիշեցնենք, որ Ս. Լավրովը հայտարարել է, որ բանակցային սեղանին դրված է նախագիծ, ինչը ենթադրում է հարցի փուլային կարգավորում:
Ըստ նրա՝ կա հստակ ու պարզ գաղափար, որ թուրքական և ադրբեջանական կողմը երբեք չեն կարողանում օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հանրային դաշտում, ուստի իրավիճակի հետ կապված՝ պետք է արվեն սառը դատողություններ, որպեսզի թույլ չտրվեն հակառուսական տրամադրություններ գեներացնելու:
«Մինսկի խմբի համանախագահները մանդատ չունեն ստիպելու, նրանք մոդերատոր են, որոնք գործողությունների ընթացքում նոր գաղափարներ են գեներացնելու, որևէ գաղափար են ասում, հիմա այս ամբողջ ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ է պարզաբանում»,- շեշտեց Արման Աբովյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ արտգործնախարարությունն ընդամենը երկու հարցի պետք է պատասխանի՝ փուլային կարգավորման մասին խոսք կա՞, և կա՞ խոսք տարածքների զիջման մասին:
Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը ոչնչի պատրաստ չէ, պատրաստ էլ չի լինի, քանի որ Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է՝ նվազագույնը տարածաշրջանից հայկական բնիկ բնակչության կա՛մ վտարումը, կա՛մ ոչնչացումը:
«Հիմա, երբ ասում են, որ համատեղ բնակավայրեր պետք է լինեն, և այլն, այդ թեզերը, որոնք հնչեցվում են, որն ԱԳՆ-ն հերքեց, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ համատեղ բնակավայրերի մասին է խոսքը, երբ առհասարակ չգիտեք, թե դեպի ուր է գնում քաղաքական գործընթացը»,- եզրափակեց նա: