Այս տարվա մարտ ամսին Հանրապետությունում բնակարանային գողությունների, կողոպուտի և ավազակության դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ է արձանագրվել։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ այս տարվա մարտ ամսին Հանրապետությունում գրանցվել է բնակարանային գողության 35 դեպք, որից 12–ը՝ Երևանում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել էր 171 դեպք, որից 108–ը Երևանում, այսինքն՝ Հայաստանում բնակարանային գողությունների դեպքերը նվազել են մոտ 5 անգամ:
Ուշագրավ է, որ այս տարվա մարտին Երևանում առհասարակ կողոպուտի դեպք չի արձանագրվել, իսկ ՀՀ ողջ տարածքում գրանցվել է կողոպուտի ընդամենը երեք դեպք, մինչդեռ նախորդ տարվա մարտին ՀՀ–ում արձանագրվել էր կողոպուտի 16, իսկ Երևանում 11 դեպք։ Գրեթե կրկնակի նվազել են նաև ավազակության դեպքերը. Հայաստանում այս տարվա մարտին գրանցվել է ավազակության 4 դեպք, որից երկուսը Երևանում, իսկ նախորդ տարի ՀՀ–ում գրանցվել էր 7 դեպք, որից 4–ը Երևանում։
Արտակարգ դրության հաստատման ընթացքում Հանրապետությունում հանցագործությունների թվի նվազման մասին երեկ՝ ապրիլի 20–ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նկատենք, որ գողությունների նվազման տենդենց նկատվում է ողջ աշխարհում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված աշխարհի շատ երկրներում համընդհանուր կարանտին է։ Փոխարենը արտակարգ ռեժիմի ու մեկուսացման պայմաններում ապրող շատ երկրներում այս ընթացքում աճել են ընտանեկան բռնությունների դեպքերը։