ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչները՝ երկու եղբայր, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցից երթեւեկելով, մուտք են գործել «Հայուհու» հրապարակ, որտեղ վարորդի եւ ուղեւորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, հիշյալ ավտոմեքենան ոստիկանի կողմից կանգնեցվել է:
Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթեւեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Սակայն նշված ավտոմեքենայի ուղեւորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից, ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին եւ սկսել դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենայի ուղեւորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով նախատեսված արարք առերեւույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: