00:00:00

Արցախի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ կհարուցվի

00:01, 11 ապրիլ 2020 Իրավական

Արցախի համապետական ընտրությունների ողջ ընթացքում ստացված իրավախախտումների վերաբերյալ 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, հայտարարություն է տարածել ԱՀ դատախազությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 72 հաղորդում, որից 18-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 8-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 5-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 3-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 8-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 29-ը գտնվում է քննարկման փուլում: Իրավապահ մարմինների կողմից քննված և դեռևս քննության փուլում գտնվող ընտրախախտումները և ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ բնույթի իրավախախտումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1) Ընտրակաշառքի վերաբերյալ — 9 դեպք, 2) Նախընտրական քարոզչության պաստառները վնասելու վերաբերյալ — 3 դեպք, 3) Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ – 2 դեպք, 4) Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ – 1 դեպք, 5) Նախընտրական քարոզչությանը մասնակցող անձին զրպարտելու և վիրավորելու վերաբերյալ – 1 դեպք, 6) Նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ – 5 դեպք, 7) Ընտրողի ազատ կամարտահայտությունը ճնշելու վերաբերյալ – 8 դեպք, 8) Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ – 21 դեպք, 9) Ընտրական հանձնաժողովի անդամի, լրագրողի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ – 4 դեպք, 10) Քարոզչությունն արգելված ժամանակահատվածում քարոզչություն կատարելու վերաբերյալ – 2 դեպք, 11) Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ – 10 դեպք, 12) Քվեատուփերը կնքված չլինելու կամ կնիքի ամբողջականությունը խախտված լինելու վերաբերյալ – 5 դեպք, 13) Ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակները ոստիկանության կողմից չհրապարակելու վերաբերյալ – 1 դեպք: Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր