00:00:00

Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է. Կապարոս

23:54, 20 մարտ 2020 Սպորտ

Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին: -Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից: -Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում: -Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: -Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը: -«Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: -Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան: -Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները: -Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում: -Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը: -Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը: -Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։ -Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում: -Ի՞նչ կարծիքի եք Ազգերի Լիգայում մեր խմբի մասին: -Հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել քայլ առ քայլ, խաղից խաղ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է: Բլից հարցեր. -Սևիլյա 2000-2005, vs Բիլբաո 2007-2011 -Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են: -Անդալուսիա vs Բասկոնիա -Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է): - Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես: -Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են: -Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը: -Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է): -Դել Բոսկե vs Արագոնես: -Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է: - Պաելյա՞, թե՞ գասպաչո: -Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո: -Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի: -Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով: -Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել: -Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար: -Եվ վերջում՝ 1:0 vs 4:3: -Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր