Գյումրի քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 10-ին քննել է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը՝ ճանաչելով նրանց որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այս որոշումից հետո երեխաները կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Աղջկա նկատմամբ խնամակալության հարցը հանձնաժողովը այս նիստին չի քննարկել, թեև խնամակալությունը ստանձնելու մեկ դիմում է ստացել: Հարցը կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո:
«Խնամակալության հարցն այս պահին հետաձգել ենք, կսպասենք հարազատների արձագանքին: Արձագանք, ի դեպ, դեռ չի եղել, իսկ եթե նրանց կողմից արձագանք այդպես էլ չլինի, արդեն կանդրադառնանք խնամակալության դիմումին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ կարևորելով նաև եղբոր խնամակալի հարցը: