Դատարանը մերժեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացրած բացարկի միջնորդությունը՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ, գրում է Tert.am-ը:
Իսկ Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Դատախազը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկա չէր, խնդրել էր նիստը հետաձգել: Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը 16:00-ին: Քանի որ նոր հանգամանքներ պետք է ներկայացնենք, որի մասով դատախազը դիրքորոշում պետք է հայտնի, նաև դա էր պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվեց»,- հայտնեց Արամ Օրբելյանը:
Պաշտպանը խոսքով՝ դատախազների և քննիչների բացակայության պատճառով որևէ կալանքի գործի քննության հետաձգումները պետք է նվազագույնի հասցվեն:
«Ճիշտ կլինի, որ դատախազությունում կառուցակարգերն այնպես լինեն, որ եթե մի դատախազը չի կարողանում ներկա գտնվել, մեկ այլ դատախազ հասցնի ծանոթանալ նյութին և ներկա գտնվի նիստին: Հուսով եմ, որ վաղը բոլոր մասնակիցները ներկա կլինեն: Առնվազն մենք ներկա կգտնվենք, և հուսով եմ նաև դատախազությունը և քննչական մարմինները կկարողանան գտնել այն աշխատակցին, որը կարող է այդ պահին իր ծանրաբեռնվածությունը թեթևացնել և ներկա գտնվել, որովհետև անձի ազատության հարց է դրված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: