Տրուբեքը քաշելու ժամանկ կողքի հողը թափվել է իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած ողբերգական դեպքից մահացած 38–ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը, գրում է News.am-ը։
Նրա խոսքով՝ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ էին, սակայն ինքը միայն Գագիկին գիտեր. «Երեխեքը եռյակ են»։
Նրա խոսքով՝ տեսանելի է, որ դեպքը տեղի ունեցել վերջին կետում. «Վերջին կետն է, այստեղ պետք է միացում տային, երեւի ասել են վերջացնենք, նոր գնանք էլի, որ վաղն էլ չգանք։ Կարող է չաշխատեին, գային տուն, առավոտ վերադառնային արդեն փլված լիներ»։
38–ամյա Գագիկի հարազատները, լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք էլ չգիտեն, թե դեպքը երբ է տեղի ունեցել, չգիտեն էլ, թե ով է ահազանգել ԱԻՆ. «Ոչ մի բան դեռ չգիտենք, հայտնի չէ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:
Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ: