Այն սպան, որը կանգնած է սահմանին, ավելի է պաշտպանված, քան երկրի ներսում, քանի որ երկրի ներսում կարող են սպային ջարդել-փշրել ու աշխարհով մեկ հայտարարել՝ «մեր դեմը խաղ չկա, ինչ ուզենք, կանենք»: Այս մասին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիայի ընթացում հայտարարեց դաժան ծեծի ենթարկված և այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, գրում է Tert.am-ը:
«Ժողովուրդ, սպաների մայրեր, զգույշ եղեք, ձեր երեխաներին պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած, ով ուզենա, կարող է խփել: Երեկվա դրությամբ ազատ են արձակել այն մարդուն, որը 100 տոկոս մասնակից է եղել: Հիմա ազատ են արձակել, որ խմբով չգնան: Ես էլ ոչ մեկին չեմ հավատում՝ ո՛չ պետությանը, ո՛չ բանակին: Մինչ այսօր «փափուկ բարձ» էին դնում գլխիս տակ՝ ասելով, թե ամեն ինչ լավ կլինի»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին սպասում է, որ Դատախազությունը կբողոքարկի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը:
«27 տարի առաջ՝ մութ ու խոնավ տարիներին, որ ժողովուրդը հաց չուներ, ես իմ երեխային համոզեցի, որ գնար սովորեր, գար հայրենիքը պաշտպաներ, որ այսօր երեխայիս այդպես ջարդեին»,-ասաց Մխիթարյանը:
Նա դիմեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին՝ հարց ուղղելով՝ եթե նույնը նրա տղայի հետ լիներ, մեղադրյալին ազատ կարձակե՞ր:
«Ես երեք նամակ ունեմ պատրաստած. մինչև երկուշաբթի, եթե իմ պահանջը չկատարվեց, ես մեկն օվկիանոսից այն կողմ կուղարկեմ, մեկը՝ ՄԻԵԴ, մյուսը՝ Եվրախորհուրդ: Կուղարկեմ լիազոր դեսպանի միջոցով, որ ոչ ոք չկարողանա հանել: Կառավարություն կգնամ ու Փաշինյանի դիմաց այնպիսի փաստեր կդնեմ, որ կզարհուրի, քանզի իր որդին էլ է բանակում»,-ասաց նա:
Անդրադառնալով որդու առողջական վիճակին՝ հայրն ասաց, թե ոչ մի փոփոխություն չկա: «Բժիշկները հույսը դրել են Աստծո ու ժամանակի վրա»,-նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է այլ երկրում բուժել, Մխիթարյանն ասաց, թե հարկ եղած դեպքում առանց որևէ մեկի օգնության պատրաստ է բուժման տանել որդուն, բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս տեղաշարժել, քանի որ կյանքին կարող է վտանգ սպառնալ:
Հիշեցնենք, որ Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։
Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
Tert.am