Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակների վրա:
Պահպանվել են նախկինում գործող օրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Հիմնական սահմանափակող դրույթներն են.
Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից արգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.
- 18 տարին չլրացած անձանց,
- ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,
- մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը,
- առանց օրենքով նախատեսված թույլտվության,
- բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
- առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում և օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
- համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
- այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,
- վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
- հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
- hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),
- աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
- առևտրի կենտրոններում,
- ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: