Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք նրա ծննդյան օրերը երբեք չէինք նշում. նա դա չէր սիրում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ մայրն ամեն դեպքում ինչ-որ բան կազմակերպում էր, հյուրեր կանչում էր:
«Վազգենը դժկամությամբ, շատ ուշ գալիս էր, մորս էլ ծաղկեփունջ բերում: Նա չէր սիրում, երբ իր կենացը խմում էին: Երբ նման բան էր լինում, սկսում էր երգել: Երբ նրան գովում էին, գերազանցիկ աշակերտի նման կարմրում էր: Բայց այլ ծնունդներ սիրում էր: Կանանց ու երեխաներին նվերներ էր բերում՝ գրքեր՝ ճաշակով, թեթեւ ոսկեղեն»,-ասաց Արամ Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ Վազգենի մահվանից հետո նրա բոլոր ծնունդները նշել են, բացառություն է միայն այս տարին: Պատճառը համաճարակներն են, որոնք վտանգավոր են հոր համար. «Ամեն դեպքում եղբայրս բարեկամներին իր տուն կտանի: Սակայն հայրիկին չեն տանի, որ չվարակվի»:
Արամ Սարգսյանը խոսեց նաեւ Վազգեն Սարգսյանի երգելու մասին՝ նշելով, որ վերջինս շատ սիրում էր «Սարի սիրուն յարը». «Ես էլ ձայն ունեի, օգնում էի, սակայն նրա մահվանից հետո երբեք չեմ երգել»,-ասաց պարոն Սարգսյանը՝ հրաժարվելով թեկուզ մի փոքրիկ հատված երգել:
News.am