00:00:00

«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում

20:35, 22 փետրվար 2020 Իրավական

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։ Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։ Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։ «Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ–ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի։

Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։ Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։ Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ–ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

«Ես ընդունում եմ`չունեմ իրավունք, բայց կարող էին ինձ ընդառաջել, մի հարցում օգնել։ Ես մի քանի տեղ դիմել եմ, որ իմ վարորդական իրավունքը որևէ կերպ վերականգնեմ, ասել են` դա անհնարին բան է»,– ասաց Հարությունյանը։ Փետրվարի 24-ին մեկնարկող դատավարությանը մասնակցելու է, թե ոչ, Հարությունյանը դեռ չի որոշել, փաստաբան էլ չունի, որ ճիշտ խորհուրդ տա։ Բայց արդեն որոշել է, թե դատարանում ինչ է ասելու, եթե ներկայանա դատին։ «Ասելու եմ, եթե այդպես է, միանգամից «կանդալները» հագցրեք, տարեք, նստեցրեք։ Իզուր էլ ազատել եք։ Ասեք` ի՞նչ անեմ, կախվեմ, պրծնե՞մ։ Հոգնել եմ արդեն էս դատերից։ Ինչքա՞ն կարելի է նույն վերքի վրա անընդհատ աղ լցնել»,– պատմեց Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր