00:00:00

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների դեֆիցիտի մասին

20:47, 08 փետրվար 2020 Աշխարհ

Աշխարհում անհատական պաշտպանության միջոցների սուր անբավարարություն է դիտվում, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այս հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ «Մենք յուրաքանչյուր տարածաշրջանի երկրներ ենք առաքում անալիզների անցկացման լրակազմեր, դիմակներ, ձեռնոցներ, շնչադիմակներ ու խալաթներ: Այդուամենայնիվ, աշխարհում անհատական պաշտպանութան միջոցների խրոնիկական անբավարարություն է դիտվում»,-նրա խոսքը մեջբերված է Twitter-ում ԱՀԿ-ի պաշտոնական էջում: Գեբրեեսուսը նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Չինաստանում դանդաղել է նոր հիվանդացածների թվի աճը, բայց դա չի նշանակում, որ այն վերստին չի արագանա: Նախօրյակին Գեբրեյեսուսը հայտնել է, որ փետրվարի 11-ին եւ 12-ին գլոբալ համաժողովի կանցկացվի նոր կորոնավիրուսի ուսումնասիրման շուրջ: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կոչված է՝ սահմանելու գերակայությունները թոքաբորբի հետազոտման բնագավառում եւ համակարգել միջազգային ջանքերը բուժման մեթոդների ու պատվաստանյութերի մշակման ոլորտում: Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 31,1 հազարը, 636 մարդ մահացել է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել է եւս 69 մարդ: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ է ավելի քան 186 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 22,1 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել է 618 մարդ, դուրս են գրվել 817-ը: Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը: Ինչպես փետրվարի 7-ին գրում է Shanghai Daily թերթը, համապատասխան հանձնարարականով հանդես է եկել կորոնավիրուսի վերահսկման եւ կանխարգելման հատուկ աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Չժան Վենհունը, որը նաեւ Հուաշանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարն է: Ինչպես նշել է փորձագետը, վարակումը կարելի է կանխել, իսկ հիվանդության դեպքերի մեծ մասը թեթեւ է անցնում: «Նախքան կորոնավիրուսի դեմ մասնագիտացված պատրաստուկների մշակումը, մենք անհատականորեն ենք մոտենալու յուրաքանչյուր պացիենտի բուժմանը: Ամենաարդյունավետ դեղամիջոցը պացիենտի իմունիտետն է»,-ասել է Չժան Վենհունը: Հոնկոնգցի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը թույլ է տալիս արագ եւ արդյունավետորեն ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում: Ինչպես փետրվարի 7-ին հայտնել է South China Morning Post թերթը, սարքն արդեն սկսել է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել է համաճարակի կենտրոնում: Սարքն անալիզի է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները: Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յույ Վեյպինը: «Համապատասխան գումարից արդեն ծախսվել է 28,48 միլիարդ յուան (4,08 միլիարդ դոլար)»,- ճշտել է նա մամուլի ասուլիսում: Պետական պաշտոնյայի խոսքով՝ այդ հատկացումների մոտավորապես 25 տոկոսն ապահովել է երկրի կենտրոնական բյուջեն: 30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի հիվանդանոցներում: Դրանք բժիշկներին օգնում են պայքարելու վարակի դեմ: Նշվում է, որ ռոբոտները մշակել եւ արտադրել է Շանհայի TMiRob ընկերությունը: Կազմակերպության գլխավոր տնօրենը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է, որ ռոբոտներն սպիտակ գույնի են, դրանց «գլուխները» հանդերձված են ջրածնի պերօքսիդի փոշեցիրով, իսկ «փորի մեջ» ներսարված են ինն ուլտրամանուշակագույն լամպեր: Խելացի ռոբոտները կարող են կատարել տարբեր տեսակի վարակազերծումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր