2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության:
Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Նախարար Տոնոյանը հանձնարարեց հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:
Իր խոսքում Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը:
«Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», - ասաց նա:
«Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն»,- անձնակազմին հորդորեց նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն էլ նշեց, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետների հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու և հրդեհային ռիսկի գիտակցության գործընթացում: