00:00:00

Թեհրանը քննարկում է բրիտանացի դեսպանին վտարելու հնարավորությունը

21:35, 14 հունվար 2020 Աշխարհ

Իրանի կառավարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին վտարելու հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին նրա մասնակցությունից հետո, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլիին: «Միջազգային իրավունքում այդպիսի մարդիկ անցանկալի անձ են համարվում, եւ մեր ժողովուրդը սպասում է, որ նա երկրից կվտարվի, դա է պահանջում նաեւ միջազգային հանրությունը»,- հայտարարել է Էսմաիլին՝ հայտնելով, որ իրանը դրա համար օրինական հիմքեր ունի: «Այս գործում, անշուշտ, պատասխանատուն Իրանի ԱԳ նախարարությունն է եւ կառավարությունը՝ որպես ընդունող երկիր»,- նշել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ տեղի է ունենալու 1961 թվականի ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի  (WÜD) 9-րդ հոդվածի համաձայն: Իրանական Tasnim գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին կարճ ժամանակով ձերբակալել էին, բայց ավելի ուշ դիվանագիտին բաց էին թողել: Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեսպանն իբր մասնակցել է Թեհրանում շաբաթօրյա բողոքի ցույցերին եւ «զբաղվել կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաեւ ղեկավարել է որոշ արմատական գործողություններ»: Խոսքը Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի մոտ օդանավի աղետի պատճառով տեղի ունեցած հարյուրավոր ուսանողների բողոքի ցույցի մասին է, որոնք շաբաթ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական օդանավի աղետի ժամանակ զոհվածների հիշատակին: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Թեհրանից Կիեւ չվերթ կատարող օդանավը աղետի էր ենթարկվել չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց: Զոհվել էր օդանավում եղած 176 մարդ՝ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից 167 ուղեւորները ու անձնակազմի 9 անդամները: Իրանցի զինվորականները շաբաթ հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել, մեղավորը մարդկային գործոնն է. օդանավը թռչել է Իրանի ռազմական օբյեկտի կողքից եւ ընդունվել է որպես «թշնամու թիրախ»՝ թեւավոր հրթիռ: Ընդ որում՝ Իրանում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից հարձակում էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը ամբողջական մարտական պատրաստականության վիճակում էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր