Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Հրայր Թովմասյանը նկատելով լրագրողներին, հարցնում է՝ .«Ով է ձեզ տեղեկացրել այսօրվա քննչական գործողությունների մասին, քանի որ այս ամենը պետք է գաղտնիության սահմաններում լինի»: Այնուհետ Հրայր Թովմասյանը հեռանում է՝ չպատասխանելով որեվէ հարցի:
Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին: Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։
Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին: Հիշեցնենք նաև, որ 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։