00:00:00

Ալեքսան Պետրոսյանն ազատ կարձակվի 30 մլն գրավի դիմաց

14:46, 10 հունվար 2020 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գործարարի պաշտպանը հայտնեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Միհրան Պողոսյանը հավելեց՝ գրավի չափ է սահմանվել 30 մլն դրամը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսան Պետրոսյանի գործով դեկտեմբերի 13-ին հայտարարվել է նախաքննության ավարտ։ իսկ պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու համար խնդրել է ընդամենը երկու օր. «քրեական գործով մեզ համար որևէ նոր փաստ չկար։ Շատ ծավալուն գործ չէ։ Այսինքն` առկա է ընդամենը մեկ փաստ, որը ՀՔԾ-ն այլ կերպ է մեկնաբանում, մենք էլ դրա վերաբերյալ մեր մեկնաբանություններն ենք ներկայացնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր Միհրան Պողոսյանը։ Վերջինս նաև տեղեկացրել էր, որ Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քանի որ նախաքննությունն ավարտվել է։ Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր