00:00:00

Դարբնությունը՝ մեր օրերում․ վարպետ Պետրոսի պատմությունը (լուսանկարներ)

22:01, 23 փետրվար 2018 Մշակույթ

Դարբնությունը դեռևս հնագույն ժամանակներից մարդու մշտական ուղեկիցն է եղել: Մետաղների պաշտամունքը` որպես ուժի ու ամրության խորհրդանիշ, գալիս է վաղնջական ժամանակներից: Հայկական դիցաբանությունում դրա լավագույն օրինակը Մասիսի վիհերում շղթայված Արտավազդ արքայի մասին լեգենդն է, երբ դարբինները կռում ու ամրացնում էին շղթաները` չար ոգին վիհում հավերժ փակված տեսնելու ձգտումով: Մարդկության պատմության հետագա ընթացքում էլ դարբնագործությունն իր տեղն է գտել` որպես երկրագործության հիմք: Հիմա այս մասնագիտությունը համարվում է ոչ այնքան պահանջարկ ունեցող։ Այս արհեստին տիրապետողներն անկեղծորեն են նշում, մասնագիտությունը անհետացման շեմին է, բայց եւ առանձնակի հպարտություն ունեն, քանի որ ընտրել են ոչ մոդայիկ մասնագիտություն։ Միաժամանակ դժվար է ասել, թե երբ է ապրել առաջին դարբինը, որն է եղել նրա առաջին գործը, բայց վստահաբար այն ունի դարերի պատմություն, երբ մարդը հայտաբերել է երկաթն ու բազկի ուժով ստեղծել տարբեր առարկաներ ու իրեր։ Այդ ժամանակներից մինչև մեր օրեր շատ բան է փոխվել, կիրառվող տեխնոլոգիաներից մինչև պատրաստվող իրեր, բայց դարբնոցներում կա մեկ բան, որը բոլոր ժամանակների համար նույնն է մնացել, դա երկաթն է, որը կռացնում են նույն կերպ, նույն ջերմաստիճանի ներքո։ Իհարկե փոխվել է նաեւ մասնագիտո ւթյան վերաբերյալ մոտեցումը, բայց նույնն է դարբնի ոգին, մուրճն ու զնդանը։ Irakanum.am-ի զրուցակին է ժողովրդական վարպետ, դարբին Պետրոս Միքայելյանը։ Նա ապրում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Մեր այցի ընթացքում էլ վարպետ Պետրոսը աշխատանք էր կատարում, մեզ դիմավորեց գործից չկտրվելով։ «Հարցազրույցը կսպասի, իսկ երկաթները տաք են, պետք է կռել»,- դիմելով մեզ ասաց վարպետն ու դարձյալ ձեռքը վերցրեց մուրճը։ Մեր հայացքը դեռ երկար կհետեւեր այս գործըթացին, զարմանալի ու միաժամանակ հետաքրքիր էր, հետեւել թե ինչպես էր մետաղը րոպեների ընթացքում վարպետի ձեռքում վերածվում գեղեցիկ դետալի։ Վարպետ Պետրոսն ունի իրավաբանի կրթություն, սակայն բավականին արհեստավարժ է նաեւ այս գործում։ Հարցին, թե ինչո՞ւ ընտրեցիք դարբնի գործը, նա պատասխանեց․ «Ես շատ բնագավառներում եմ հասել հաջողությունների, սակայն մետաղի մոգական ազդեցությունն ինձ գերեց։ Սա այն էր, ինչին ձգտում էր իմ միտքն ու երեւակայությունը»։ Պետրոս Միքայելյանը դարբնի մասնագիտությունը ձեռք է բերել ինքնուս, սակայն տասը տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ ինքնակատարելության շնորհիվ հասել է լուրջ հաջողությունների եւ ներկայումս միակ վարպետն է Հայաստանում, ում հաջողվել է վերականգնել դամակյան պողպատ ստանալու հին հայկական մեթոդը։ Նա նաեւ ունի մեծ թվով գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք վկայում են նրա վառ երևակայության եւ գեղարվեստական մոտեցման մասին։ Պետրոս Միքայելյանի բազմաթիվ գործեր զարդարում են եկեղեցիներ, առանձնատեր։ «Աշխատասիրություն, գրագիտություն, մաքրություն։ Ահա, այն բանաձեւը, որով ես աշխատում եմ, ու նույն կերպ սովորեցնում իմ աշակերտներին»,- ասաց վարպետը, հավելելով կրակի մեջ ածուխ լից, որ չմարի…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր