Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Աբրահամյանի պաշտպանի` ձերբակալման որոշման դեմ բողոքը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կասկածանքը չի ընդունում, քանի որ, ըստ նրա, այն շինծու է. «Որեւէ փաստական տվյալ չկա այդ կասկածանքը հիմնավորելու համար, այն հիմնված է մեկ-երկու անձանց ցուցմունքների վրա, որոնց ես չեմ ճանաչում, այդ ցուցմունքների բովանդակությունն էլ ինձ հայտնի չէ, բացի այդ, նախաքննություն է, ես չեմ կարող այս մասին խոսել»։ ՀԺ-ի ճշտող հարցին`այսինքն քրեական գործում Ռազմիկ Աբրահամյանի դեմ ցուցմունքներ կան, պաշտպանը պատասխանեց. «Գործում շատ ապացույցներ կան, որ նաեւ իր օգտին են, բայց կան նաեւ ցուցմունքներ, որոնք, ըստ իս, արժանահավատ չեն, եւ հակասում են գործում եղած տվյալներին, եւ փարատում են հիմնավոր կասկածն ամբողջությամբ»։
Թե որոնք են Աբրահամյանի օգտին եղած ապացույցները, պաշտպանն ասաց, որ չի կարող նշել։ Մեր դիտարկմանը, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հերքել էր իր առնչությունը` երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, սակայն նախաքննական մարմինը, փաստորեն, կասկածներ ամեն դեպքում գտավ, պաշտպանն արձագանքեց. «Որդեգրումը ընդհանրապես իրականացվում է այլ մարմինների կողմից, դրա համար գոյություն ունի դատարան, Արդարադատության նախարարություն, Սոցապ նախարարություն, եւ այլ հաստատություններ, որոնք որ իրականացնում են այդ գործընթացները»։ Սամվել Դիլբանդյանի խոսքով` այս գործի շրջանակներում իր պաշտպանյալը մինչեւ երեկ ընդհանրապես որեւէ կարգավիճակ չուներ, եւ որեւէ քննչական գործողություն նրա մասնակցությամբ չէր եղել. «Նույնիսկ որպես վկա բացատրություն, ցուցմունք տալ չի եղել, երեկ հայտարարել են ձերբակալման մասին, ինչից հետո ցանկացել են որպես կասկածյալ հարցաքննել, իհարկե, նա հրաժարվել է ցուցմունք տալուց` օգտվելով իր լռելու իրավունքից`միաժամանակ դիրքորոշում արտահայտելով կասկածանքի վերաբերյալ»։ Դիլբանդյանը նշեց, որ Աբրահամյանին ձերբակալել են շատ անսովոր պայմաններում. «Երբ գալիս են նրա աշխատասենյակ, խուզարկում են, որեւէ բան չեն գտնում, հետո քննիչը հայտարարում է, որ նա ձերբակալված է, բայց խուզարկության արդյունքում որեւէ հետք չի հայտնաբերվել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: