ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից և վերջինիս արտաքսման հարցի կարգավորումը օրինական ճանապարհով կազմակերպելու պատրվակով, պայմանավորվածություն է ձեռք բերել 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց լուծել այդ հարցը և 2019թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է վերջինիս և մաս-մաս ստացել գումար: Հանդիպումներից մեկի ժամանակ, 45-ամյա տղամարդը խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, հերթական անգամ գումար ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: